Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված չորրորդ ամենամյա «ԱրմԹեք Կոնգրես» համաժողովը այս տարի կանցկացվի Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ հոկտեմբերի 10-11-ին։ Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների հետագա աճը:
Նշենք, որ «ԱրմԹեքըԿոնգրես»-ի համաժողովները հերթով անցկացվում են ԱՄՆ-ում եւ Երեւանում: Առաջինը տեղի է ունեցել 2007թ. հուլիսի 4-7-ին` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում։
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր` հունիսի 30-ին հրավիրած ասուլիսում ասաց, որ այս տարի միջացառմանն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Սինգապուրը, Ռումինիան, Հոլանդիան եւ այլ երկրներ:
«Սինոփսիս» ընկերության փոխնախագահ եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքով՝ «ԱրմԹեք Կոնգրեսի» անցկացումը Երեւանում պատահական չէ, այն համընկնում է Հայաստանի անկախության 20-ամյակի հետ, ինչը առավել կարեւոր է դարձնում միջոցառումը։ Ռ. Գոլդմանի խոսքով՝ համաժողովի խոսնակները կներկայացնեն հզոր ծրագիր, որը կմիավորի կառավարության, կրթության եւ բիզնեսի գլխավոր որոշում ընդունողներին եւ կնպաստի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին։
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ «ԱրմԹեք Կոնգրեսի» անցկացումը Երեւանում նշանակում է, որ Հայաստանը երկիր է, որը բավարար չափով հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, եւ որը կարող է ապահովել սերունդների խելացի հերթափոխ, իսկ ՏՏ ոլորտի վրա ուշադրություն դարձնելը մրցունակ աշխատանքի հիմքն է հանդիսանում։
Համաժողովի ընթացքում առաջին անգամ պաշտոնապես Հայաստանում իրենց մուտքը կհայտարարեն սինգապուրյան՝ ST Kinetics ու D-Լink ընկերությունները։
Նշենք, որ ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպվող համաժողովը նախաձեռնել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Համաժողովի աջակիցն է Հայկական զարգացման գործակալությունը:




























