Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայողների ոչ մեծ խումբը կարող է մնալ Աֆղանստանում զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո։ Այս մասին, հղում կատարելով բրիտանական Հատուկ օդադեսանտային ծառայության նախկին ծառայողին, տեղեկացրել է Daily Telegraph թերթը։

Նրա տվյալներով՝ Հատուկ օդադեսանտային ծառայության բրիտանացի զինծառայողները կգտնվեն Աֆղանստանում որպես «խորհրդականների խումբ»՝ ուսուցանելու համար աֆղան զինվորներին։ Պարբերականի աղբյուրը նաեւ տեղեկացրել է, որ առայժմ չի նշված, թե որքան կմնան բրիտանացի հատուկջոկատայինները երկրում։

Ինչպես հավաստիացրել է թերթը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի պետք է վերջնական որոշում կայացնի այս հարցով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ուրբաթ Daily Telegraph-ը, հղում կատարելով թագավորության պաշտպանության շտաբին մոտ կանգնած աղբյուրին՝ Նիկոլաս Քարթերին, տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը իրենց զորքերի հիմնական մասի դուրսբերումը Աֆղանստանից կավարտեն հուլիսի 4-ին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 14-ին հայտարարել էր, որ որոշում է ընդունել ավարտել գործողությունն Աֆղանստանում, որն ամենաերկարատեւ արտասահմանյան օպերացիան դարձավ ամերիկյան պատմության մեջ։ Այդ պատերազմը ԱՄՆ-ը սկսել է 2001թ. հոկտեմբերին։ Ամերիկյան զորքերի դուրսբերումը մեկնարկել է մայիսին։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ ԱՄՆ զորակազմը, ենթադրաբար, Աֆղանստանից դուրս կգա մինչեւ սեպտեմբերի 11-ը։ ԱՄՆ գործողության գագաթնակետին՝ 2010-2013թթ., Աֆղանստանում արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցում էր 150 հազար մարդը։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ զորամասերը Աֆղանստանից դուրս են բերվել 2014թ.։