Բաքվից 15 հայ գերի զինծառայողների վերադարձը ականների քարտեզների դիմաց հանցագործություն է, որը կատարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների գործարքով։ Այս մասին հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Այդ հանցագործությունը, նրա խոսքով, փորձում են ծածկել հումանիզմի ֆոնով։ «Բայց իրականում տեղի է ունեցել երկու հանցագործություն։ Առաջինը Քրեական օրենսգրքով հստակ նկարագրված է։ Խոսքը հայրենիքի դավաճանության մասին է, որը թույլ է տրվել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց Ղազարյանը՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները դրան ուշադրություն կդարձնեն։

Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը կարծիք հայտնեց, որ այս հանցագործության կատարմանը կարող են հանցակից լինել նաեւ այլ բարձրաստիճան անձինք։ Ղազարյանն ընդգծեց, որ հակառակորդին, փաստացի, պաշտոնապես հանձնվել են տվյալներ, որոնք ռազմական եւ պետական նշանակության առանձնակի գաղտնի տեղեկություն են պարունակում։

Այս ամենը, նրա կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները՝ հանձին նրա նախագահի, ըստ էության, իրականացրել են թրաֆիքինգ։ «Եթե դա ներկայացնում են որպես գերիների վերադարձ, ապա պետք է նշել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը արդեն հայտարարել են այն մասին, որ իրենք ոչ մի գերի չունեն, եւ որ գերիների հարցն արդեն լուծված է»,- եզրափակեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։