Հայաստանի ԱԳՆ-ում այսօր` հունիսի 30-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ պատվիրակության, որը գլխավորում է միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Մայքլ Սթաֆֆորդը եւ հայկական համապատասխան գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների միջեւ:
Հանդիպումը նվիրված է եղել ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ասպարեզում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը ողջույնի խոսքով բացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննակումներ կատարված աշխատանքի եւ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:
ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների հաջող ընթացքը: Նշվել է նաեւ, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ բարձր մակարդակով ներկայացնում է այս ոլորտում կատարված աշխատանքը:




























