Սիրիայում բանակը նկատելիորեն ակտիվացրել է գործողությունները` նպատակ ունենալով թույլ չտալ, որ սիրիացիների փախուստը դեպի Թուրքիա շարունակվի: վերջիններս փորձում են այդկերպ փրկվել իրենց երկրում մոլեգնող բռնություններից:
Այս մասին Assotiated Press-ին հայտնել է տեղի իրավապաշտպան Մուստաֆա Օսսոն:
Զինվորական գործողությունների հետեւանքով, Թուրքիայի հետ սահմանի լեռնային հատվածում վերջին երկու օրում մահացել է 11 մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի շարք հայ փորձագետների կարծիքով, Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունները ուղիղ համեմատական են լինելու Սիրիայում ներքաղաքական իրավիճակին. Որքան թույլ լինի այդ երկրի իշխանությունը, այնքան Թուրքիան ավելի շատ կփորձի ճնշում գործադրել: Անկարայում հիանալի հասկանում են, որ Սիրիա հասած հեղափոխությունների ալիքը չի հանգեցնի ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի այն արձագանքին, որը եղավ Լիբիայի դեպքում: Դրան կընդդիմանան Ռուսաստանն ու Չինաստանը, նաեւ հարեւան Իրանը դա թույլ չի տա:
Ինչ վերաբերում է Սիրիայից Թուրքիա փախչող փախստականներին, ապա Թուրքիան կօգտագործի այդ փաստը, բուֆերային գոտի ստեղծելու եւ հարեւան երկրից ինչ-որ կտոր պոկելու համար: Ցանկացած դեպքում երկու երկրների միջեւ հարաբերությունները շարունակում են լարված մնալ:




























