«Ազատության նավատորմի» դեպքերի շուրջ ծագած թուրք-իսրայելական սկանդալի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում մեղավոր է ճանաչվել Թուրքիան։ Ինչպես տեղեկացնում է IzRus գործակալությունը` վկայակոչելով «Մաարիվ» թերթը, ՄԱԿ-ի զեկույցում «Ազատության նավատորմի» անձնակազմի Թուրքիայի 9 քաղաքացիների մահվան պատասխանատվությունը դրվել է Թուրքիայի վրա։
Ինչպես հաղորդվում է, ստուգող հանձնաժողովի ղեկավար Ջեֆրի Պալմերն իր զեկույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին կներկայացնի այս շաբաթվա ընթացքում։ Զեկույցի կրկնօրինակները կստանան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իսրայելի Վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ 2010 թ. մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը իսրայելական ռազմածովային ուժերը հարձակում էին գործել «Ազատության նավատորմ» կոչվող նավերի վրա, որոնք ցանկացել են ճեղքել Գազայի շրջափակումը։ Արդյունքում զոհվել էր 10 մարդ, իսկ 33-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։




























