Հունաստանի խորհրդարանը հունիսի 30-ին հավանություն է տվել երկրի կառավարության առաջարկած թվով երկրորդ հակաճգնաժամային ծրագրին։ Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Հունաստանի խորհրդարանը անտեսել է զանգվածային բողոքի ակցիաները, եւ ընդունել օրենքը, որն անհրաժեշտ է Եվրամիության եւ ԱՄՀ ֆինանսական օգնության հերթական բաժինն ստանալու համար։

Ընդունված փաստաթղթում նշված են 28 մլրդ եվրո բյուջետային միջոցների խնայողության մեխանիզմները։ Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական ծախսերի հավլյալ կրճատումներ, հարկերի բարձրացում։ Իշխանությունները եւս 50 մլրդ եվրո ակնկալում են ձեռք բերել պետական գույքի սեփականաշնորհման արդյունքում։

Նշենք, որ հունիսի 28-ին Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ 20 հազար մարդու մասնակցությամբ բողոքի ցույց է կայացել։ Ցուցարարները հետեւել են օրենքի նախագծի քննարկումներին եւ քվեարկությանը։ Ցուցարարները նշել են, որ սոցիալապես անապահով խավերը նախագծից միայն տուժելու են, իսկ հարուստներն իրենց ունեցվածքն ավելացնելու նոր հնարավորություն են ստանալու։