Իշխանությունները իրոք չեն հասկանում պահի լրջություն եւ տոնտունիկ են խաղում.
Կազանյան հանդիպումից հետո կարելի է ասել, որ բանակցությունները ընթանում են Ադրբեջանի օգտին: Այս մասին այսօր` հունիսի 30-ին ընդդիմության հանրահավաքում հայտարարել է շաբաթներ առաջ բանտից ազատված, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն, անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացին եւ Կազանում երեք նախագահների հանդիպմանը:
«Սպասելով մենք որեւէ լավ արդյունքի չեք կարող հասնել: Ճիշտ է՝ Կազանում որեւէ փաստաթուղթ չստորագրվեց, բայց դա չի նշանակում, որ զարգացումները մեր օգտին են: Այսօր իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց պատճառով վտանգված է երկրի ապագան: Մենք դեմ չենք, որ տունտունիկ խաղան իշխանությունները, բայց թող հանձնեն իշխանության ղեկը դրա իսկական տիրոջը ու գնան իրենց համար առանձին տունտունիկ խաղան»,- ասել է նա:
ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ օրերս բանտից ազատ արձակված վերջին քաղբանտարկյալը` Սարգիս Հացպանյանը:
«Եվրոպական եւ ոչ ժողովուրդ չունի այն որակները, որոնք դրսեւորում է Ազատության հրապարակում հավաքված հայ ժողովուրդը: Վերջին անգամ 2008թ. փետրվարի 29-ին եմ այստեղ ելույթ ունեցել: Ես Համաժողովրդական շարժման վերջին քաղբանտարկյալն եմ: Եթե ես այստեղ եմ, դա նաեւ ձեր շնորհիվ է: Եթե չլիներ ձեր պայքարելու վճռականությունը, եթե դուք հպարտ կանգնած չլինեիք, երբեք մեզնից եւ ոչ մեկին բաց չէին թողնի, ինչի համար ես իմ երախտագիտությունն եմ հայտնում: Նման ժողովուրդ ունեցողը չի կարող պարտվել»,- ասել է Հացպանյանը:
Նրա ներկայացմամբ, համաժողովրդական շարժումը ուղիղ 3,5 տարի է, ցույց է տալիս թե Հայաստանում, թե աշխարհում, թե ինչն է իսկական քաղաքակրթությունը: «Ես հանդիպել եմ օրերս Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք գնահատում են ՀԱԿ-ի ոճը, որ քաղաքակիրթ ոճով պայքարում են: Հայատանում ընդդիմությունը բանական ընդդիմություն է, եւ հայ մարդու խոսքն է բարձրացնում:
Մենք՝ բոլոր քաղբանտարկյալներս, ցույց տվեցինք, թե ինչ ենք ներկայացնում:
Վերջին 21 օրերին ես մի բան եմ տեսել, որ ինձ իսկապես տխրեցրել է: Որտեղ քայլում եմ, տեսնեւմ եմ՝ «Վաճառվում է, վարձով է տրվում»: Մեր խնդիրը պետք է լինի արտագաղթը կանգնեցնելն ու ներգաղթը խթանելը: Սփյուռքից չեն գալիս հայրենիք, որովհետեւ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում:
Ես համառորեն գնալու եմ մինչեւ վերջ, որպեսզի ցույց տանք, որ Հայաստանում քաղաքացի լինելը միայն անձնագրով չի լինում, ինչից ինձ զրկել են Ռոբերտ Քոչարյանի հրամանով 3,5 տարի առաջ»,- ընդգծել է նա:




























