Հայաստանում ամենակարեւոր հարցը հեւտեւյալն է. արդյոք իշխող վարչախումբն ըմբռնե՞լ է, որ համաժողովրդական հուզումներից խուսափելու միակ ճանապարհը մեզ հետ երկխոսելու միջոցով երկրում օրինական իշխանության հաստատումն է:
Այս մասին այսօր` հունիսի 30-ին ընդդիմության հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, արձանագրելով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հայտնվել է ծանր վիճակում:
«Ժողովուրդը չի տեսնում ոչ մի հեռանկար եւ պատրաստ է ամենածայրահեղական գործողությունների, բայց ռեժիմը ի վիճակի չէ ներքին ռեսուրսներով շտկել իրավիճակը: Քանի որ պետք է քանդել օլիգոպոլիաները, իսկ դա հավասար է ինքնասպանության: Արտաքին ռեսուրսները եւս սպառված են:
Առանց Ղարաբաղի հարց լուծման եւս չեն կարող լուծել տնտեսական խնդիրները: Իսկ ԼՂ հարցով շրջանակային փաստաթղթի ստորագրումը կհանգեցնի նրա դիրքերի թուլացման»,- նշել է Զուրաբյանն ու շարունակել. «Մենք ոչ մի պատրանք չունենք: Նրանք դեռ հույսեր ունեն, որ կարող են ժամանակ շահել: Նրանք հույս ունեն, որ օգտվելով սեզոնային թուլացումից, կարող են վարկաբեկել ՀԱԿ-ին եւ զիջումներ կորզել:
Ձեր հաշվարկներին, պարոնայք Սարգսյաններ, պատասխանում եմ. Մենք թույլ չենք տա ջլատել ժողովրդին, խաբել, երկխոսության գործըթնացը թաղել անորոշության մեջ եւ խուսափել կոնկրետ արդյունքներից: Դուք ունեք շատ քիչ ժամանակ:
Բուն բանակցությունների համար մենք ձեզ տալու ենք շատ կոնկրետ ժամանակ: Այդ ժամանակը սպառելուց հետո, եթե չլինի կոկրետ արդյունք, ժողովուրդը հավաքվելու եւ մնալու է այնքան, մինչեւ դուք հեռանաք»:




























