Հայաստանի քաղաքական կյանքի վերջին 23 տարիների հիմնական քաղաքական հարցը եղել է Ղարաբաղի հարցը, իսկ վերջին 3 տարիներին հիմնականը իշխանություն-ՀԱԿ հարաբերություններն են: Այս մասին այսօր` հունիսի 30-ին ընդդիմության հանրահավաքում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Երկուսի լուծումն էլ բարդ է, երկուսի լուծումն էլ նույնն է` ժողովրդավարության հաստատում: Էս մի անգամը Կազանից պրծանք, լավ, բա հաջորդ հանդիպմանն ի՞նչ եք ասելու, ի՞նչ եք անելու: Չասեք, այս տարբերակը մեր երազածը չի, բայց մենք համաձայն ենք»,-նշել է Ա. Սարգսյանը:
Նրա խոսքով, իշխանության հետ հարցերը լուծելու ճանապարհը միայն կռիվը չէ: «Որովհետեւ Ղարաբաղի, ժողովրդավարության հարցեր ունենք: Այսօր որ իշխանությունները չեն գալիս երկխոսության, ապացուցում են, որ ժողովրդից վախենալով են բաց թողել քաղբանտարկյալներին: Հետեւաբար իշխանությանը առաջարկվել է երկխոսություն, պատվիրակություն է կազմվել ՀԱԿ-ի կողմից, եւ ժամանակ տրվել իշխանությանը, իսկ ժամանակը աշխատում է միայն հօգուտ ժողովրդի»,- նշել է նա:
Իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էլ ընդգծել է, որ ՀԱԿ-ի միակ պահանջը երկրում նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: «Սա է միակ ճանապարհը երկիրը ճահճից հանելու: Ասում են՝ նոր ընտրությունների, արտահերթ ընտրությունների հիմքեր չկան: Իսկ մենք պատասխանում ենք. «Այ մարդիկ, իսկ ո՞ւմ պատճառով է երկիրը հայտնվել այս աղետալի վիճակում:
Իսկ ո՞ր հիմքով եք դուք բռնազավթել իշխանությունը: Կարծում եմ՝ որեւէ հիմք չկա հանդուրժելու այս իշխանությանը»,- նշել է ՀԺԿ ղեկավարը, հավելելով, որ իրենք ոչ մի պատրանք չունեն երկխոսության առումով եւ կարծում են, որ այն պետք է հասարակության կողմից պարտադրվի:




























