Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 6-ին, հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների իրականացման ընթացքին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահը նշել է, որ չնայած ստեղծված իրավիճակում կարիքների գնահատումը բարդ եւ ծավալուն գործընթաց է, ԱՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ջանքեր գործադրեն ծրագիրն իրականացնելու հավասարության, արդարության եւ ընդհանրության սկզբունքների հիման վրա։
Հարությունյանը հանձնարարել է վերանայել վնասների դիմաց տրվող գումարների տրամաբանությունը՝ էականորեն բարձրացնելով դրանց չափերը: Նախագահը նաեւ հանձնարարել է արագ ընթացք տալ առկա դիմումները եւ սկսել գումարների տրամադրման գործընթացը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաեւ ծրագրի հետ առնչվող մի շարք այլ հարցեր՝ նպատակ ունենալով ընդլայնել ծրագրի շրջանակները եւ բարելավել պայմանները:





























