Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Բացելով հանդիպման հրապարակային մասը՝ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
«Ցանկանում եմ եւս մեկ անգամ անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ, որ դա կարեւոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի համար, հայ ժողովրդի համար», - ասել է Պուտինը:
«Դժվար, սուր, շատ զգայուն խնդիրները կարող են լուծվել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության դեպքում: Իսկ դրա համար ամենակարեւորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Դուք այն ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Դա շատ կարեւոր է: Իրականում ամենակարեւորն է: Երկրի համար այսպիսի դժվար պահերին, հավանաբար, դա ընդհանրապես հետագա զարգացման կարեւորագույն պայմանն է: Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ: Հուսով եմ, որ այսօր կկարողանանք աշխատանքային ճաշի ժամանակ պաշտոնական եւ ոչ պաշտոնական կերպով զրուցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերջերս այնքան մանրամասն քննարկել ենք եւ որոնք լուծում են պահանջում», - նշել է Վլադիմիր Պուտինը:
Ցավակցություն հայտնելով Կամչատկայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա այս տարի արդեն երրորդ հանդիպումն է Մոսկվայում, եւ դա, իր կարծիքով, արտահայտում է երկրների միջեւ հարաբերությունների դինամիկան:
«Ցավոք, վերջին շրջանում հաճախացել են անվտանգության հետ կապված շատ հարցեր: Իրավիճակը մեր տարածաշրջանում այնքան էլ կայուն չէ: Բոլորը գիտեն 44-օրյա պատերազմում հրադադարի ռեժիմի հասնելու ձեր անձնական ջանքերը եւ Ռուսաստանի Դաշնության ջանքերը: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայուն է, բայց ժամանակ առ ժամանակ կան անհանգստության ու անկայունության օջախներ: Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ տեսակետներով, թե ինչու եւ ինչպես է դա տեղի ունենում: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը դեռ շատ կայուն չէ: Այս մասին մենք բազմիցս խոսել ենք: Ցավոք, այստեղ նույնպես երկու ամիս է մշտական անհանգստության օջախ կա: Հուսով եմ՝ այս առիթով այսօր կհաջողվի «համապատասխանեցնել ժամանակը»: Ռազմագերիների հարցը ամբողջությամբ լուծված չէ: Չնայած այստեղ, բարեբախտաբար, լավ լուրեր կան: Մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Այստեղ եւս ուզում եմ ընդգծել ձեր անձնական դերը: Հունիսի 24-ին կայացած հեռախոսազրույցում մենք քննարկեցինք այս թեման: Մեկ շաբաթ անց 15 հայրենակիցներ վերադարձան հայրենիք: Տնտեսության ոլորտում կան մի քանի լավ նորություններ: 2019-ին Երեւանում մենք քննարկեցինք ՀԿԵ-ի գործունեությանը վերաբերող հարցեր: Հայաստանում արագորեն ընթանում է երկաթուղային գնացքների նորացումը, ներդրումային մեծ ծրագիր է իրականացվում: Ընթացիկ տարում աճում են արտահանումները դեպի Ռուսաստան՝ քովիդային տարվանից հետո: Ես ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել «Սպուտնիկ» պատվաստանյութի առաքմանը աջակցության համար: Մենք ստացել ենք ավելի քան 100 000 դեղաչափ: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լավ է: Այս ֆոնին սկսվում է ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»,- ասել է Փաշինյանը:
«Խորհրդատվությունները գերատեսչությունների միջեւ նորմալ են ընթանում»,- նկատել է Պուտինը:











