Գերիներին երբեմն գնահատում են ոչ թե որպես գերիներ, այլ քրեական հանցագործներ եւ անիմաստ պահում են։ Այս մասին հուլիսի 8-ին քննարկման ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնությսն խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի գերիների փոխանակման գործընթացին 2020թ. Ղարաբաղի պատերազմից հետո։
Նա պարզաբանեց, որ գերիների վերադարձի հարցով զբաղվում են թե՛ ԱԳՆ-ն, թե՛ խորհրդարանականները, թե՛ խաղաղապահները։ «Գործընթացն անընդհատ ընթանում է, բայց ոչ այնքան արագ։ Ինչ վերաբերում է ականադաշտերի քարտեզներին, ապա ոմանք ասում են, թե դրանք ընդհանրապես չկան։ Համենայնդեպս, դա հումանիտար հարց է, եւ պետք է լուծվի»,- ավելացրել է սենատորը։
Ռուսաստանցի քաղաքագետ Արմեն Գասպարյանը, իր հերթին, համոզված է, որ գերիների փոխանակումը արագ չի լինի։
«Բացի այդ, դա զուգահեռ լինելու է սակարկությունների տարր, ինչպես տեսնում ենք, ականադաշտերի քարտեզների փոխանակման պարագայում»,- նշել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանը կապիտուլյացիայի ստորագրումից գրեթե անմիջապես հետո, ի տարբերություն Ադրբեջանի, վերադարձրեց բոլոր գերիներին։




























