Մենք ցանկանում ենք արագ իրականացնել տնտեսության թվայնացման եւ «կանաչ» տնտեսության անցման ծրագրեր։ Ամենագլխավորը՝ մենք ցանկանում ենք ստեղծել առեւտրային կապեր եվրոպական շուկաների եւ եվրոպական տնտեսության հետ, ինչը կարող է արագացնել ԵՄ-ի հետ տարածաշրջանի մերձեցումը։ Այս մասին հուլիսի 9-ին Երեւանում ասել է ԵՄ եվրոպական հարեւանության ընդլայնման եւ քաղաքականության հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհեն։

«Հայաստանի պարագայում մենք առաջարկում ենք հինգ գերակա ուղղություն, ինչը կարող է թույլ տալ էապես փոխել իրավիճակը, ամրապնդել տնտեսությունը։ Մեր ծրագիրը ներառում է տրանսպորտային կապի զարգացումը, հարավային շրջանների մրցակցության ամապնդումը, էներգամատակարարման եւ վերարտադրվող էներգետիկայի ոլորտի զարգացումը եւ ՓՄՁ աջակցությունը։ Այս ծրագրերի համար ԵՄ-ը հատկացնում է 1,6 մլրդ եվրո 4 տարի ժամկետով։ Ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանի համար մենք հատկացնում ենք 2,3 մլրդ եվրոյի դրամաշնորհ։ Մեր գործընկերների հետ միասին ծրագրի իրականացման արդյունքում ամբողջ տարածաշրջանի համար կարելի կլինի ներգրավել 17 մլրդ եվրոյի ներդրումներ»,- նշել է նա։

Օլիվեր Վարհեն հիշեցրել է, որ ԵՄ-ը հատկացրել է 9-10 մլն եվրոյի օգնություն, որը շուտով կտրամադրվի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին։

«ԵՄ-ը պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ հետհակամարտային իրավիճակում վստահության ամրապնդման գործում, առաջին հերթին՝ հումանիտար ճգնաժամի հաղթահարման եւ հակամարտությունից տուժած տարածաշրջանի եւ հարակից շրջանների տնտեսության հետագա վերականգնման ուղղությամբ»,- ավելացրել է նա։

Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, իր հերթին, նկատել է, որ Հայաստանը ծրագրի շրջանակում ստացել է ծավալով ամենամեծ աջակցությունը Հարավային Կովկասի բոլոր երկրներից։ Ծրագիրն ուղղվելու է ՓՄՁ աջակցությանը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը, ներդրումներ կարվեն տեղեկատվական տեխնոլոգիաների, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, ներդրումներ Երեւանի՝ որպես «խելացի» եւ «կանաչ» քաղաքի համար։

Նա հիշեցրել է նաեւ 2021-2027թթ. համատեղ ծրագրի իրագործման մասին, որը կապված է տնտեսության վերականգնման, մարզերի հավասարաչափ զարգացման, ենթակառուցվածքի արդիականացման եւ այլնի հետ։

«Հայաստանը չափազանց հետաքրքրված է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցություններ սկսելու հարցով»,- ավելացրել է փոխվարչապետի պաշտոնակատարը։