ԱՄՆ-ում Հարիսի հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը սատարում է Աֆղանստանից ԱՄՆ զինված ուժերի դուրս բերումը, գրում է The Hill թերթը:

Աֆղանստանում ռազմական ներկայությունը կրճատելու մասին վարչակազմի որոշումը սատարել է հարցվածների 31 տոկոսը, եւս 42 տոկոսը նշել է, որ ավելի շուտ սատարում է ամերիկյան իշխանությունների այդ քայլը: Դեմ է արտահայտվել հարցվածների շուրջ 27 տոկոսը:

Հարցումն անցկացվել է հուլիսի 2-3-ը, որում մասնակցել է 926 մարդ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողության ավարտի մասին ապրիլի 14-ին: Աֆղանստանում ԱՄՆ ԶՈՒ ներկայությունն ամենատեւական արտասահմանյան ռազմական գործողությունն էր Ամերիկայի պատմության մեջ: ԱՄՆ-ն սկսել է այդ պատերազմը 2001 թվականին: Սպիտակ տանը հայտարարել են, որ Աֆղանստանում ռազմական գործողությունը կավարտվի այս տարվա օգոստոսի 31-ին: