ԱՄՆ նախագահը Ռուսաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ գործողությունները» Ռուսաստանից կիբերհարձակումները դադարեցնելու համար: Կրեմլը, ըստ նրա հայտարարության, առաջարկել է չքաղաքականացնել կիբերսպառնալիքների մասին երկխոսությունը, հաղորդել է BBC-ն:

Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի՝ մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի հիմնական թեման նոր հաքերային հարձակումներն էին, որոնք ԱՄՆ-ում կապում են Ռուսաստանում գտնվող կիբերհանցագործների հետ:

«Ես նրան շատ պարզ հասկացրեցի՝ եթե այդպիսի դրամաշորթ հարձակումը գալիս է նրա տարածքից, եւ եթե նույնիսկ այն չի կազմակերպվում իշխանությունների կողմից, ապա մենք ակնկալում ենք, որ նրանք կգործեն, եթե նրանց բավարար տեղեկատվություն տրամադրենք այն մասին, թե ով է ներգրավված դրանում», - ասել է Բայդենը՝ ուրբաթ պատասխանելով լրագրողների հարցերին:

Պուտինի հետ հեռախոսազրույցի նախօրեին ԱՄՆ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել արտակարգ հանդիպում, որին մասնակցել են Սպիտակ տան ղեկավարը, Պետդեպարտամենտի, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:

«Նախագահն իրավունք ունի պատասխանել ոչ միայն կիբերհանցագործներին, այլեւ նրանց թաքցնող երկրին», - հանդիպումը մեկնաբանել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: «Եթե Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն ձեռնարկելու որեւէ գործողություն այդ խմբավորումների դեմ, ապա ինքներս կանենք դա»: