Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին շաբաթ նախազգուշացրել է, որ Իրանը կարող է բախվել COVID-19-ի հինգերորդ ալիքին՝ կապված չափազանց վարակիչ «դելտա» տեսակի տարածման հետ, տեղեկացնում է Тasnim-ը։

Նա ասել է, որ չնայած բոլոր ջանքերը կենտրոնացվել են կորոնավիրուսի մուտացված տեսակների զսպմանը հարավային եւ արեւելյան նահանգներում, «դելտա» տեսակը արդեն գրանցվել է ներքին նահանգներում, եւ իրավիճակը վատթարացել է նախորդ շաբաթների համեմատ։

Չնայած սահմաններին կատարվող վերահսկիչ բոլոր գործողություններին՝ «անօրինական տեղաշարժերը», ցավոք, հանգեցրել են Իրանում «դելտա» տեսակի տարածմանը, ավելացրել է Ռոհանին։ Առողջապահության մարմինները մայրաքաղաք Թեհրանը եւ 91 այլ քաղաքներ բարձր ռիսկի «կարմիր» գոտիներ են հայտարարել՝ 30-ով ավելի, քան մեկ շաբաթ առաջ։ Նրանք մտցնում են ներքին սահմանափակումներ ուղեւորությունների համար, փակում են երկրորդային նշանակության ձեռնարկությունները եւ սահմանափակում մայրաքաղաքում աշխատողների 30 տոկոսի աշխատատեղ գնալու հնարավորությունը։

«Ամբողջ երկիրը կարող է բախվել հինգերորդ ալիքին, եթե պատշաճ ուշադրություն չհատկացվի բժշկական հանձնարարականների կատարմանը։ Այսօր տեղեկացվել է, որ մարդկանց միայն 69 տոկոսն է հետեւում զգուշության միջոցներին»,- ասել է Ռոհանին։ Իրանի նախագահը կոչ է արել խստորեն հետեւել առողջապահական հաձնարարականներին բոլոր քաղաքներում, որոնք մտցվել են կարմիր եւ նարնջագույն գոտիների մեջ՝ զգուշացնելով, որ դրանց չհետեւելը կվատթարացնի իրավիճակը։