«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է անցել չորս շրջան աֆղանական Քանդահար, Ֆարահ եւ Փարվան նահանգներում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Թալիբները գրոհով մտել են Քանդահար (Աֆղանստանի համանուն նահանգի կենտրոնը եւ ամենամեծ քաղաքը երկրի հարավում)։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ի հավելումն Տաջիկստանում արդեն զավթված սահմանապահ անցակետերի՝ «Թալիբանի» գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել անցակետեր Իրանի եւ Թուրքմենստանի հետ սահմանին։ Այդ ժամանակ էլ շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել էր, որ Աֆղանստանի հարեւան երկրները կարող են չանհանգստանալ իրենց սահմանների անվտանգության համար։

Աֆղանստանում ընթանում է թալիբների հետ կառավարական ուժերի դիմակայություն, թալիբները տիրել են զգալի տարածքների գյուղական շրջաններում եւ հարձակում սկսել խոշոր քաղաքների վրա։ Սրացումը տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը Վաշինգտոնը խոստացել է ավարտել մինչեւ սեպտեմբերի 11-ը։