Hi-Line ծառայությունից օգտվողների թիվն արդեն կազմում է 100 հազար բաժանորդ։ Այսօր՝ հուլիսի մեկին հանդիպում էր կազմակերպվել հարյուրհազարերորդ բաժանորդ դարձած 23-ամյա Անի Ավետիսյանին եւ ընկերության տնօրինության միջեւ։ «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն շնորհակալություն հայտնելով Անիին ընկերության ինտերնետ ծառայությունն ընտրելու համար 23-ամյա Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողուհուն նվիրեց HP Elite book 2740 նեթբուք եւ Hi-Line ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու իրավունք։

«Հարյուրհազար բաժանորդ ունենալն արդեն լուրջ ցուցանիշ է։ Մենք շնորհակալ ենք մեր բաժանորդներից, որ ընտրում են մեր ծառայությունը։ Hi-Line ապրանքանիշն ամենաճանաչվածն է։ Մեր հաճախորդներն ավելանում էին, իսկ մենք ավելացնում էինք արտաքին կապուղիները, զարգացնում ենթակառուցվածքները երկրի ներսում»,- ասաց Կլիմկոն՝ մաղթելով, որ Hi-Line-ի հարյուրհազարերորդ բաժանորդ դարձած Անին Hi-Line ինտերնետ ծառայության միջոցով ավելի կատարելագործի մասնագիտական կրթությունը։

Hi-Line-ի հարյուրհազարերորդ բաժանորդ դարձած Հրազդան քաղաքի բնակիչ Անի Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Մեգա 512» սակագնային փաթեթը ձեռքբերելիս նպատակադրված էր ինտերնետում առկա մասնագիտական գրականությանն ու տեսանյութերին հետեւել։ «Այսօր մարդկանց համար ինտերնետ կապի առկայությունը պարտադիր է դարձել, իսկ ուսանողների համար այն անհրաժեշտ է։ Մասնագիտական գրականություն այլ կերպ շատ դժվար է ձեռքբերել»,- ասաց նա՝ նշելով, որ «ԱրմենՏելի» նվիրած նոթբուքը ավելի կդյուրացնի ուսուցումը։

«Գիտեմ, որ տարբեր արտասահմանյան համալսարաններ առցանց վիդեոսեմինարներ են անցկացնում ազատ ունկնդիրների համար, պետք է գրանցվեմ մի քանի նման համալսարանների կայքերում, եւ օգտվեմ այդ ուսումնական ծրագրերից»,- ասաց նա՝ նկատելով, որ Մեգա 512 կապն ու նոթբուքը կօգնեն իրականացնել նպատակը։