Այս տարվա վերջին Հայիթիում համընդհանուր ընտրություններ կանցկացվեն, ինչպես նախատեսվում էր նախագահ Ժովենել Մոիզի օրոք, որը սպանվեց նստավայրի վրա հարձակման ժամանակ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը՝ ժամանակավոր ընտրական խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, հայտնել է Diario Libre թերթը իր կայքում:
Ժոզեֆը հայտնել է Մոիզի օրոք սկսված կարեւոր նախագծերը ավարտին հասցնելու իր «վճռականությունը»: Մասնավորապես, խոսքը վերաբերում է համընդհանուր ընտրությունների անցկացմանը, որոնք նախապես նշանակված էին սեպտեմբերի 26-ին:
Ժամանակավոր ընտրական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը չի հստակեցրել` արդյո՞ք հետաձգվելու են ընտրությունները եւ կոնկրետ ի՞նչ ժամկետով: Նա նաեւ չի խոսել Հայիթիի նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի մասին, որը նախագահ Մոիզի օրոք նախատեսվում էր անցկացնել քվեարկության գործընթացի հետ միաժամանակ:
Մոիզի սպանությունից առաջ եւ հետո միջազգային հանրությունը մատնանշել է Հայիթիում ընդհանուր ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը` երկրում իրավիճակը կայունացնելու եւ ավելի կայուն քաղաքական համակարգ ստեղծելու համար: Արդար եւ բաց ընտրական գործընթացը ճանապարհ կբացի հաղթահարելու համար կուսակցական սուր պառակտումները, որոնք երկար ժամանակ է՝ առկա են երկրում:





























