Շուշիում ռուսական եկեղեցին ոչնչացվել է 1920 թվականին հենց ադրբեջանաթուրքական զորքերի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով այն, որ Ադրբեջանը Շուշիում հայկական «Կանաչ ժամ» եկեղեցին վերածում է ուղղափառ եկեղեցու:

«Կարեւոր է ուշադիր հետեւել Ադրբեջանի բոլոր քայլերին, ինչպես նաեւ հասկանալ՝ ինչու են նրանք անում այս կամ այն քայլը:

Այստեղ ամեն ինչ պարզ է: Առաջին հերթին, պետք է սկսել նրանից, որ հայատյացությունը եղել է, կա եւ կլինի ադրբեջանական պետության հիմնական արժեհամակարգը: Տվյալ համատեքստում նրանք ոչնչացնում են ամեն հայկական ամեն ինչ: Ադրբեջանի օկուպացրած տարածքներում ոչնչացվել են հայկական ամեն ինչ, քանի որ ոչ ոք այնտեղ չի կարող մոնիթորինգ անցկացնել: Այլ հարց է, որ եկեղեցիները, հուշարձանները, որոնք չեն կարող ոչնչացնել, շատ հայտնի են ամբողջ աշխարհում: Դրանց թվում են Դադիվանքը, Ղազանչեցոցը: Դրանց թվում է նաեւ «Կանաչ ժամը», որն իրականում հայկական Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է եւ ունի Ղարաբաղցոց անվանումը: Երբ հայ մելիքների կողմից հիմնվեց Շուշին, այն հիմնվեց որպես Հայաստանի ապագա մայրաքաղաք: Այդ պատճառով անվանումները նշում էին տեղանքը: Օրինակ, Ղազանչեցոցում ապրում էին ղազանչիները Նախիջեւանից, կար նաեւ Մեղրեցոց եւ այլն:

«Կանաչ ժամը» քաղաքի ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է եւ քաղաքի երկրորդ անվանումը: Իսկ Ղարաբաղցոցը նշանակում է, որ այդ տարածքում ապրել են Ղարաբաղում ծնվածները: Դա թաքցնելու համար Ադրբեջանը ոչնչացնում է այդ հուշարձանները: Ադրբեջանն արդեն ոչնչացրել է Մեղրեցոցը, Ագուլեցոցը: Դադիվանքի դեպքում «ալբանիզացիայի» գործընթաց է գնում, ինչն անհեթեթություն է: Ադրբեջանցիներն այժմ փաստացի դադարեցրել են հայ ուխտավորների հոսքը:

Մեր քահանաներն այնտեղ գերի են. նրանք չեն կարողանում դուրս գալ այնտեղից, քանի որ հետ չեն թողնի: Միեւնույն ժամանակ, ադրբեջանցիները չեն կարող ասել, որ Շուշիի եկեղեցին ալբանական է: Միասնական ալբանական էթնոս գոյություն չի ունեցել, դա եղել է 26 ազգերի ժամանակավոր միավորում Կովկասյան Ալբանիայում:

Ինչի՞ համար է ապահայկականացումը: Առաջին հերթին, այդպիսով ադրբեջանցիները թաքցնում են պատմությունը: Շուշիում ռուսական եկեղեցին ոչնչացվել է 1920 թվականին հենց ադրբեջանաթուրքական զորքերի կողմից: Այժմ նրանք ուզում են ցույց տալ, թե «Կանաչ ժամը» ռուսական է: Նախ, ռուսական եկեղեցին ունի իր կայացած եկեղեցական աշխարհքաղաքականությունը եւ չի գնա նման արկածախնդրության:

Մենք տեսնում ենք՝ ինչ  է անում Թուրքիան Ուկրաինայում ռուսական ուղղափառ եկեղեցու պառակտման համար:

Այժմ Թուրքիան եւ Ադրբեջանը կրոնական աշխարհքաղաքականություն են վարում: Դա ոչ այլ ինչ է, քան  քրիստոնյաների ներսում պառակտում:

Բաքուն բազմակողմ քաղաքականություն է վարում, եւ մենք պետք է ցույց տանք աշխարհին՝ ինչ է կատարվում, պատմենք Ադրբեջանի իրական նպատակների մասին:

Եթե Նախիջեւանում ադրբեջանցիները ոչնչացրել են բոլոր հայկական հուշարձանները, ապա Արցախում դա չեն կարողանա, քանի որ կան ռուս խաղաղապահներ, ինչը բարդացնում է խնդիրը: Սակայն այն, որ Արցախի օկուպացված հատվածն արդեն կրկնել է Նախիջեւանի ճակատագիրը, կասկածի ենթակա չէ»,-նշեց Դավիթ Բաբայանը: