ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւսի հետ քննարկել է հանրապետությունում ռուսական բիզնես առաքելության կազմակերպման հարցերը:

Այցի շրջանակում Ալեքսեյ Օվերչուկին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի հետ քննարկվել են երկկողմանի առեւտրատնտեսական փոխազդեցությունն ամրապնդելու հարցերը՝ ներառյալ համագործակցությունը տրանսպորտի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում:

Տնտեսական կապերն ապահովելու նպատակով քննարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում ռուսական բիզնես առաքելության կազմակերպման հարցերը: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսների օգտագործման, շինարարության եւ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ոլորտներում, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Բացի այդ, քննարկվել են նաեւ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման եւ ռուս-ադրբեջանական սահմանային անցակետերի աշխատանքը կատարելագործելու  հեռանկարները:

Քննարկվել են նաեւ հարցեր, որոնք կապված են եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ, որի համանախագահներն են Ադրբեջանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի վարչապետն ու ՌԴ կառավարության փոխվարչապետը: