Իրանի ԱԳՆ-ն անվանել է ԱՄՆ-ում բնակվող Իրանի քաղաքացի կնոջն առեւանգելու ձախողված փորձերի մասին ԱՄՆ-ի կառավարության պնդումներն «անհիմն» եւ «անհեթեթ», հաղորդում է Mehr-ը:

 «ԱՄՆ կառավարության այդ նոր հայտարարությունը, որի թշնամանքն Իրանի նկատմամբ շատ պարզ է եւ չափազանց անհիմն ու անհեթեթ, պատասխանի արժանի չէ»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ արձագանքելով ԱՄՆ դաշնային դատախազության կողմից չորս իրանցիների մեղադրանքին: «Դա առաջին դեպքը չէ, երբ Միացյալ Նահանգները իրագործում են այդպիսի հոլիվուդյան սցենարներ, որոնց միակ նպատակն իրենց որակազրկված [հետախուզական] գործակալներին հուսահատորեն կենդանացնելն է»,-նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ԱՄՆ դաշնային դատախազությունը մեղադրել է իրանյան հետախուզության չորս աշխատակիցներին դավադրության մեջ, որի նպատակն էր առեւանգել գրող ու իրավապաշտպան կնոջը: Նրանց մեղադրում են դավադրության մեջ, որի նպատակն էր առեւանգել բրուքլինյան լրագրող, գրող եւ իրավապաշտպան Մասիխ Ալինեջադին, որը քննադատել է Իրանի իշխանություններին: