Գեղարքունիքի մարզում հուլիսի 1-ին ժամը 15:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:15-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետից, ոստիկանության Սեւանի բաժին հայտնել են, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 56-րդ կմ-ի հատվածում Գեղարքունիքի Լճաշեն գյուղի բնակիչ 68-ամյա Ռաֆիկ Ղազարյանը (աշխատում է Սեւան ՃՇՇ ընկերությունում որպես վարորդ), վարելով ԿՌԱԶ-256 մակնիշի 489 ՏՏ 34 համարանիշի ավտոմեքենան դեպի Իջեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով նա տեղում մահացել է:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սեւանի քննչական բաժանմունքի քննիչները:
Արդեն դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժանմունքի քննիչ Վիգեն Հարությունյանը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սեւանի քննչական բաժանմունքում քննիչ Վիգեն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարականով մեքենան ի պահ է հանձնվել Սեւան ՃՇՇ ընկերությանը, նաեւ նշանակվել է դիակի դատաբշկական փորձաքննություն
Նշված հատվածում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Ճանապարհային ոստիկանության 4-րդ սպայական վաշտի 2-րդ գումարտակի 1-ին դասակի տեսուչների կողմից` հրամանատար Աղասի Ալոյանի եւ ՃՈ 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:


Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























