«Թալիբան» շարժումը դիմել է Աֆղանստանի կառավարությանը երեք ամսով հրադադար հաստատելու առաջարկով։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է թալիբների հետ Դոհայում (Կատար) ընթացող բանակցություններում աֆղանական կառավարական պատվիրակության անդամ Նադեր Նադերին։ Փոխարենը, նրա խոսքով, նրանք պահանջում են ազատ արձակել շարժման ավելի վաղ կալանավորված 7 հազար գրոհայիններին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Թալիբները առաջարկել են եռամսյա հրադադար, բայց պահանջել են աֆղանական կառավարությունից ազատ արձակել իրենց 7 հազար կալանավորված կողմնակիցներին,- Pajhwok գործակալությունը մեջբերում է Նադերիի հայտարարությունը Քաբուլի մամուլի ասուլիսում։- Դա լուրջ պահանջ է, մենք արդեն տեսանք, որ 5 հազար թալիբների ազատ արձակումը չբարելավեց իրավիճակը եւ անգամ հանգեցրեց թեժացման»։
Մամուլի ասուլիսը տեղի է ունենում հինգշաբթի, Քաբուլում Աֆղանստանի 11 քաղաքական գործիչների պատվիրակության անդամների նախատեսված հանդիպումից առաջ, որը պետք է ուղեւորվի Դոհա՝ բանակցությունների։ Այդ խորհրդակցությունները, որոնք ընթանում են անցած տարվա սեպտեմբերից, քանիցս ընդհատվել եւ վերջերս նորից վերսկսվել են։ Ամենասկզբից եւեթ Դոհայում չի հաջողվել խաղաղ բանակցություններն ըստ էության քննարկելուց ավելի առաջ անցնել։ Բանավեճերն առ այօսր համարվում են նախնական։
Ենթադրվում է, որ Դոհայում հանդիպման համար Քաբուլի պատվիրակության կազմում կընդգրկվեն, մասնավորապես, Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Աֆղանստանի Ազգային հաշտեցման Բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլան։ Թալիբների պատվիրակությունը կգլխավորի նրանց հիմնական բանակցող Աբդուլ Գանի Բարադարը։





























