Գենետիկների եւ հնագետների միջազգային խումբը սեքվենացրել է Իրանի հնագույն Չեհրաբադ (Թեհրանից մոտ 370 կիլոմետր հեռու, Զենջան նահանգ) աղի հանքում գտնված ոչխարի 1600-ամյա մումիայի ԴՆԹ-ն։ Դուբլինի Թրինիթի քոլեջի գենետիկների խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես է զարգացել ոչխարաբուծությունն այդ տարածքներում, եւ ինչպես կարող է բնական մումիականացումն ազդել ԴՆԹ-ի վրա։ Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Biology Letters ամսագրում։
Բնական մումիականացումը գործընթաց է, որի ժամանակ ջուրը հեռացվում է կենդանու կամ մարդու մարմնից, ընդ որում՝ փափուկ հյուսվածքները պահպանվում են գրեթե անվնաս։ Մումիականացված ոչխարի մնացորդները լավ են պահպանվել, եւ դա թույլ է տվել մասնագետերին ուսումնասիրել դրանք շատ հանգամանալիորեն, այդ թվում պատկերացում կազմել ոչխարների ու այն ժամանակ գոյություն ունեցող մակաբույծների բազմացման հնագույն գործընթացների մասին։ Գիտնականները զարմանքով հայտնաբերել են, որ աղի հանքը հիանալի պահպանել է ոչ միայն ոչխարին, այլեւ այն միկրոօրգանիզմները, որոնք գտնվել են նրա ոտքերի մաշկի վրա։
Չնայած այդքան հին ԴՆԹ-ն սովորաբար վնասված է լինում եւ հատվածայնացված, ինչը դժվարացնում է դրա ուսումնասիրումը, գիտնականների թիմը հայտնաբերել է, որ ոչխարի այդ մումիայի ԴՆԹ-ն գտնվում է լավ վիճակում։ «Մումիականացված մնացորդները բավական հազվադեպ են, ուստի մինչ այս հետազոտությունը հայտնի էին հնագույն ԴՆԹ-ի գոյության քիչ թվով ապացույցներ այդպիսի հյուսվածքներում»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Քոնոր Ռոսին։
Մասնագետները ԴՆԹ նմուշներ են վերցրել ոչխարի ոտքի մումիականացված մաշկի ոչ մեծ կտրվածքից։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ գտնված ոչխարը գենետիկորեն նման էր այդ տարածաշրջանի ոչխարների ժամանակակից տեսակներին։ Լրացուցիչ հետազոտությունների օգնությամբ գիտնականները կարողացան ստեղծել գենետիկ պատկերը, թե ինչպիսի տեսք կարող էին ունեցած լինել ոչխարներն Իրանում 1600 տարի առաջ եւ ինչ նպատակի համար են դրանց բուծել։
«Օգտագործելով միջդիսցիպլինար մոտեցումներ՝ մենք կարող ենք իմանալ, որ հնագույն մշակույթները գնահատում էին կենդանիներին, եւ այս հետազոտությունը մեզ ցույց է տալիս, որ մարդիկ սասանյան դարաշրջանի Իրանում բուծել են մսատու ոչխարների հոտեր, ինչը վկայում է լավ զարգացած անասնաբուծության մասին»,- կարծում են հետազոտողները։





























