Հայաստանի կառավարության պաշտոնական նորություններին, լուսանկարներին եւ տեսանյութերին այսուհետեւ կարելի է ծանոթանալ Apple ընկերության առցանց iTunes խանութում, որը հասանելի կլինի մինչեւ օրվա վերջ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հայաստանի կառավարության լրատվության ծառայությունից։
Հավելվածը հասանելի է հայերենով, ռուսերենով եւ անգլերենով։ Այն կարելի է ավնճար բեռնել այստեղ՝ http://itunes.apple.com/us/app/igov-am/id446132533?mt=8&ls=1։
Հավելվածը մշակել է Helix Consulting ընկերությունը: Ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ iGov.am հավելվածը նախատեսված է iPhone-ի, iPod touch-ի եւ iPad-ի համար։
Ա. Մխիթարյանի խոսքով՝ հավելվածը կապված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքի հետ, ուստի դրա միջոցով կարելի է անմիջապես տեղեկանալ gov.am-ի նորություններին, դիտել լուսանկարներ եւ հոլովակներ, ծանոթանալ կառավարության նիստերի օրակարգին եւ հարակից փաստաթղթերին, ուղարկել նամակ կամ դիմում ցանկացած պետական մարմնի եւ հետևել դրա ընթացքին։
iGov.am հավելվածի ծավալն է 5.4 Մբ, պահանջում է iOS օպերացիոն համակարգի 3.2 եւ ավելի բարձր տարբերակները։




























