Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այսօր՝ հուլիսի 15-ին, տեղի է ունենում Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը:
Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ:
«Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:
Հիշեցնենք, որ հենց Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին կասեցրեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը եւ դիմեց Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ օրեր անց քրեական գործ հարուցվեց՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվեցին այլ դատավորների։
Նշված հարցազրույցում, անդրադառնալով մեղադրանքի վերաորակման հնարավորությանը, դատավորը նշել է, որ մեղադրանքը վերաորակում են, երբ մեղադրանքը առկա է, քրեական դատավարության 309.1 հոդվածի սահմանված հիմքով:











