Հայաստանի կենտրոնում` Հրազդան եւ Մարմարիկ գետերին շատ մոտ, կկառուցվի պոչամբար` Հրազդանի ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնների համար: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:
«Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Գրետա Գաբրիելյանի կարծիքով` Հայաստանի կենտրոնում պոչամբարի առկայությունը իսկական աղետ է: Ֆաբրիկան դեռ կառուցված չէ, սակայն նախագիծը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության կայքում: Ֆաբրիկայի օբյեկտների թվում է նաեւ պոչամբարը:
Հիմնական ռիսկը, մասնագետի կարծիքով, այն է, որ նախագիծը ոչ մի տեղեկություն չի պարունակում պոչամբարի վերջնական ծավալի մասին: Նշված է միայն, որ կօգտագործվի ջրի փակ շրջանառու համակարգ: «Դա նշանակում է, որ այն կարող է աշխատել գերլցված վիճակով: Հաշվի առնելով այն փաստը, որ պոչամբարի համար հատկացված տարածքի գրունտերը իրենցից ներկայացնում են մանրախիճ եւ ավազ, կարելի է սպասել, որ ողջ պարունակությունը կֆիլտրվի հողի տակ եւ կթունավորի ստորին շերտերը»,- կարծում է Գ. Գաբրիելյանը: Չկա նաեւ երկրորդ վթարային պոչամբար, որը նախատեսված է անկանխատեսելի իրավիճակների, տեխնիկական վթարների եւ այլնի համար:
Եւս մեկ ռիսկ է հանքանյութի վերամշակումից առաջացող փոշին, որը ծանր մետաղներ է պարունակում: Այդ խառնուրդները բնորոշ են մեր բազմամետաղային հանքերին եւ մանրացման ընթացքում իսկական աղետ կդառնանան ողջ շրջակայքի համար` ներառյալ Հրազդան քաղաքը, Ծաղկաձոր առողջարանային քաղաքը, Աղավնաձորի մանկական առողջարանը, տարածքով հոսող ջրերը, ինչպես նաեւ Կաքավաձոր գյուղը, որը գտնվում է ընդամենը 3կմ հեռավորության վրա:




























