ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր՝ հուլիսի 15–ին,  անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանի եւ Իտալիայի Պաշտպանական գլխավոր շտաբի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ՊՆ պաշտոնական կայքից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ միջազգային զարգացումներին, ինչպես նաեւ  Հայաստանի եւ Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Որոշում է կայացվել, համավարակով պայմանավորված սահմանափակումներից անկախ, առողջապահական նորմերը պահպանելով վերսկսել նախորդ տարվանից ընդհատված համագործակցության միջոցառումների անցկացումը:

Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2021թ. Հայաստանի եւ Իտալիայի միջեւ երկկողմ ռազմական համագործակցության պլանը, որով նախատեսվում է 2021թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացնել 11 միջոցառումներ Հայաստանում եւ Իտալիայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը եւ ռազմաքաղաքական խորհրդակցությունների շարունակմանը: