Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել ելույթով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասվել է.

«Մեր երկրների միջեւ հարաբերությունների օրակարգը եղել է եւ շարունակում է մնալ գերհագեցած: Չնայած երկկողմ առեւտրաշրջանառությունը 2009թ. սկզբին մի փոքր նվազել է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով, բայց այժմ կան բոլոր հիմքերը հաստատելու, որ տարեվերջին, հնարավոր է՝ հաջորդ տարեսկզբին, մենք կհասնենք մինչճգնաժամային մակարդակին: 

Խոսեցինք միջազգային իրավիճակի, Հարավային Կովկասում այսօր գոյություն ունեցող հանգուցային խնդիրների, անվտանգության եւ կայունության հարցերի մասին: Դա հատկապես արդիական է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջիկա նախագահության լույսի ներքո: Հուսով ենք, որ Ուկրաինայի նախագահությունը կարեւոր ներդրում կունենա Կազմակերպության սկզբունքների եւ արժեքների առաջխաղացման գործում, ինչին մենք պատրաստ ենք ցուցաբերել ամենալայն եւ գործնական աջակցություն:

Խոսեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Հայաստանի դիրքորոշումը մեզ համար առանցքային, զգայուն այդ հարցի նկատմամբ անփոփոխ է եւ համահունչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշմանը: Մասնավորապես՝ հարցը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի եւ տարրերի ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա, որոնք ուրվագծվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարություններում՝ ընդունված 2009թ. հուլիսին Լ՚Աքվիլայում, 2010թ. հունիսին Մուսկոկայում եւ 2011թ. մայիսին Դովիլում:

Մենք նշեցինք այն առանցքային դերը, որ ունեն Մինսկի խմբի համանախագահ երկրները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ համաձայնվեցինք, որ նրանց մոտեցումները պետք է հիմք հանդիսանան այդ հարցի վերաբերյալ ցանկացած հայտարարության համար: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի կրողը: Այդ իրավունքը պետք է կյանքի կոչվի, պետք է լիարժեքորեն իրագործվի. Լեռնային Ղարաբաղի խնդրի համար այլ լուծում չկա:

Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք, անկասկած, կնպաստեն մեր գործընկերության հետագա առաջխաղացմանը: Ես պարոն Նախագահին հրավիրեցի եւ այժմ հաճույքով դա անում եմ ձեր ներկայությամբ պաշտոնական այցով լինել Հայաստանում նրա համար ցանկացած պատեհ ժամանակ:

Ամփոփելով այսօրվա բանակցությունները, կցանկանայի գոհունակությամբ ընդգծել հետեւյալը. պետությունների ղեկավարների մակարդակով եւս մեկ անգամ հաստատվեց հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ամրապնդման փոխադարձ ձգտումը, նաեւ ձգտումը ապահովել դրանց տեղափոխումը նոր բարձր մակարդակ:

Դա, անկասկած, շատ կարեւոր է: Դա մեր երկրների բարգավաճման եւ Հայաստանի ու Ուկրաինայի ժողովուրդների բարեկեցության, մեր տարածաշրջաններում անվտանգության եւ կայունության ամրապնդման շահերից է բխում»: