Գերմանիայի Քիլ քաղաքում մի թուրք տղամարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման` իրենից հղիացած դստերը 15 տարի առաջ սպանելու համար:

Ողբերգության մասին պատմել է կրտսեր դուստրը, ով այժմ 33 տարեկան է: Նա գնացել է ոստիկանություն` հաղթահարելով երկար տարիներ իր ներսում բուն դրած վախը, հաղորդում է MIGnews.com-ը:

Նա պատմել է, որ այն ժամանակ իր քույրը Գերմանիա էր եկել տուրիստական վիզայով` ծնողներին այցելության, իսկ վիզայի ժամկետի ավարտից հետո ապօրինի մնացել երկրում: Հենց այդ պատճառով էլ ոչ ոք չէր նկատել աղջկա անհետացումը:

Հաջորդ օրը կրտսեր դուստրը, վերադառնալով դպրոցից, բալկոնում հայտնաբերել էր ավագ քրոջ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված արյունոտ մարմինը:

Հայրը սպառնալիքներով ստիպել էր նրան օգնել միասին թաղելու քրոջը ավտոտնակում: Ավելի ուշ հայրը դիակը նետել էր աղբակույտի մեջ, բայց ոստիկանների շները կարողացել էին ավտոտնակում գտնել մարդկային ոսկորները:

Մարդասպանը կնոջն ասել էր, որ իրենց դստերը Թուրքիա է արտաքսել գերմանական ոստիկանությունը: Նա արգելել էր կնոջն այցելել Թուրքիա` դստերը տեսնելու, իսկ ավելի ուշ հայտնել էր, թե իրենց աղջիկը մահացել է երկրաշարժից: Ոստիկանությունը մարդասպանին դատելուց հետո, այժմ զբաղվում է նրա կրտսեր դստերով, ով այսքան տարի թաքցրել է սարսափելի ճշմարտությունը: