Առաջիկա մեկ տարին անընդհատ իշխանությունը բերելու է մտացածին վիճակագրական տվյալներ, թեև բոլոր մակարդակներում ձախողում կա։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը:
«Ֆիզիկական պահանջմունքները դեռ կարողանում են ապահովել, բայց եթե մոտ ապագայում նրանք նորից միջազգային վարկեր չներգրավեն, ապա թոշակ չեն կարողանալու տալ»,-ասաց նա։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ մեզ անհրաժեշտ է ոչ միայն խաղաղություն, այլ նաև արժանապատիվ խաղաղություն։ Ըստ նրա՝ եթե փորձենք իշխանությանը գնահատել ցանկացած գնահատման համակարգով, մենք կտեսնենք, որ մենք գործ ունենք ապիկարների հետ։
«Մենք չունենք մեր երկրում ճոխություն, որպեսզի քաղաքական դաշտի այս կամ այն իրական ընդդիմադիր քաղաքական միավորումը թույլ տա հրաժարվել պայքարի այս կամ այն միջոցից։ Ցանկացած պայքարի միջոց պետք է ի սպաս դրվի մեր երկրին արժանապատվության վերադարձին:
Ես կանխատեսում էի, որ սա իր ողջ քաղաքական պայքարը կառուցելու է՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել թեզի շուրջը: Նիկոլը ֆոկուստնիկների պես ունի 1-2 լավ աշխատած տրյուկներ, որոնք անդադար օգտագործում են: «Ես ձեզ բերել եմ խաղաղություն» կեղծ թեզը 30 հազար զինվորների փրկեցի իմ ստորագրությամբ թեզի նորացված տարբերակն է»,-ասաց Մամիջանյանը:











