Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը, ասել է, որ Վաշինգտոնի առաքելությունը ձախողվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք շահագրգռված չենք, որպեսզի այնտեղ քաոս լինի: Եվ՝ ոչ միայն այն պատճառով, որ չենք ցանկանում, որ այն ներթափանցի մեր դաշնակից հարեւան երկրներ, բայց նաեւ պարզապես այն պատճառով, որ մենք ամենաիսկական բարիք ենք ցանկանում աֆղանական ժողովրդին եւ շահագրգռված ենք, որպեսզի մեզ համար բարեկամ այս մարդիկ խաղաղ ապրեն եւ՝ կայուն զարգացող հասարակությունում»,- ասել է նա:

Ինչպես նշել է դիվանագետը, Մոսկվան պատրաստ է աշխատել Աֆղանստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Նրա կարծիքով՝ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, այդ թվում՝ «Թալիբան»-ի (Ռուսաստանում արգելված կազմակերպության) ներկայացուցիչների հետ բանակցությունների միջոցով:

Ներկայումս Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական ուժերի եւ «Թալիբան» գրոհայինների միջեւ (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում), որոնք նշանակալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում եւ նախահարձակ գործողություններ սկսել մեծ քաղաքների դեմ: Սրացումը տեղի է ունենում երկրից ԱՄՆ ռազմական զորակազմի դուրսբերման ֆոնին: