Պաշտոնական այցով Կիեւում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 1-ին Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո աշխատանքային ճաշ է ունեցել վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուեւի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են առեւտրատնտեսական ոլորտում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ այդ ոլորտում համագործակցության ներուժը լիարժեք օգտագործված չէ, եւ հնարավոր է տնտեսության, առեւտրի, էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության նոր արդյունավետ ուղիներ գտնել՝ խթանելով երկու երկրների գործարար համայնքների շփումները եւ օգտագործելով միջկառավարական հանձնաժողովի ներուժը:
Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին՝ նկատի առնելով, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում կան փոքրաթիվ, բայց ակտիվ գործունեություն ծավալող հայ պատգամավորի խումբ, որի ներուժը եւս կարելի է օգտագործել ի նպաստ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդման:
Վլադիմիր Լիտվինը նշել է, որ շուտով այցելելու է Հայաստան, եւ այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի առաջին նիստը:
Երկուստեք կարեւորվել է ինչպես սփյուռքի, այնպես էլ մշակույթի դերը երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ բարեկամական կապերի խորացման գործում: Այդ համատեքստում կարեւորվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրերը Ուկրաինայում» եւ մյուս տարի՝ «Ուկրաինայի մշակույթի օրերը Հայաստանում»:
Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատում մեկնարկել է հայ-ուկրաինական գործարար համաժողովը, որին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:



























