Եթե մենք չենք ուզում, որ ադրբեջանցիները մտնեն Երեւան, ապա մենք պետք է մեկ օր շուտ վերականգնենք բանակը, պետականությունը, տնտեսությունը. Մենք պետք է ստեղծենք լրիվ նոր մոդելի բանակ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն այն էր, որ ռազմաքաղաքական առումով խախտվել էր բալանսը, այսինքն Ադերբեջանը առնվազն 8-10 անգամ ռազմական առումով ավելի առաջ էին անցել: Ուժերի նման հարաբերակցության պարագայում սկսվեց այդ պատերազմը:

Ինձ միշտ հարցնում են՝ արդյոք հնարավոր էր պահել ստատուս-քվոն: Այո, հնարավոր էր, ինչպես ասենք, Կիպրոսում է պահվում, եթե ուժերի հարաբերակցությունը չխախտվեր: Տարիներ շարունակ խախտվել էր ուժերի հարաբերակցությունը, դրան գումարվեց Նիկոլ Փաշինյանի սխալ քայլերը դիվանագիտության, արտաքին քաղաքականության մեջ եւ այդ ամենը բերեց նրան, որ ադրբեջանական կողմը օգտվելով ռազմաքաղաքական բալանսի կտրուկ խախտումից, գնաց պատերազմի»,-ասաց նա:

Կիվիրյանի խոսքով, հՀիմա որպեսզի չկորցնենք նաեւ Հայաստանը, պետք է մեկ օր շուտ վերականգնենք ռազմաքաղաքական բալանսը. «Բայց, ցավոք, Հայաստանի իշխանություններն այսօր զբաղված են ցանկացած կապիկությամբ, բացի բանակը վերականգնելուց»: