ՄԱԿ-ում Իրանի առաքելությունն անհիմն է համարել Իրանում լրտեսության մեղադրանքով կալանավորված երկու ամերիկացի զբոսաշրջիկներին դաժանաբար վերաբերվելու մասին մեղադրանքները:

Նախօրեին Շեյն Բաուերի եւ Ջոշուա Ֆետելի հարազատները հրավիրված մամլո ասուլիսում հենց նման մեղադրանքներով էին հանդես եկել Իրանի իշխանությունների հասցեին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ երեք քաղաքացիներ` Շեյն Բաուերը, Սառա Շուրդը եւ Ջոշուա Ֆետելը ձերբակալվել էին Իրանի եւ Իրաքի սահմանին`2009 թ. հուլիսի 31-ին:

Նրանց մեղադրել էին սահմանն ապօրինի հատելու եւ լրտեսության մեջ: Ձերբակալվածների վարկածով` իրենք սահմանին հայտնվել էին պատահաբար` հարեւան Իրաքի տեսարժան վայրերը դիտելու ընթացքում: Նրանք ունեցել են Իրաքի եւ Սիրիայի վիզաներ, սակայն Իրան մուտքի թույլտվություն չեն ունեցել:

Բաուերն ու Ֆետելը մինչ օրս գտնվում են մեկուսարանում, իսկ Սառա Շուրդը 2010թ. սեպտեմբերին 500 հազար դոլար գրավի դիմաց բաց է թողնվել: Նրան կդատեն հեռակա:

Իրանի դատարանն ամերիկացի զբոսաշրջիկների գործը կլսի հուլիսի 31-ին: