Առեւտրի հարցերով ԱՄՆ դաշնային հանձնաժողովը (FTC, Federal Trace Comission) ձեռնամուխ է եղել Twitter-ի գործունեության հետաքննությանը` պարզելու համար նրա ազդեցությունը միկրոբլոգների ծառայություններն օգտագործողների համար հեշտացնող հավելվածներ մշակող ընկերությունների վրա:
Ըստ Associated Press-ի` հանձնաժողովի ներկայացուցիչներն արդեն հարցաքննել են նման մի քանի ընկերությունների` պարզելու համար, թե ինչպես է նրանց բիզնեսի վրա ազդում Twitter-ի գործունեությունը: Հավելվածներ մշակողների շարքում է TweetUp, Twidroyd եւ UberTwitter ծրագրերի հեղինակ UberMedia ընկերությունը, որի ներկայացուցիչները հաստատել են, որ Twitter-ի հետ ոչ հեշտ հարաբերություններ են ձեւավորվել:
FTC-ին մասնավորապես հաջողվել է պարզել, որ Twitte-ը խանգարել է UberMedia-ին` ձեռք բերելու TweetDeck հավելվածը, ինչպես նաեւ մի քանի օրով թույլ չի տվել հավելվածների մուտքն իր սերվեր:




























