Այսօր` հուլիսի 2-ի առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւան քաղաքում:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում երեք անձ` զինված եւ դիմակավորված, ներս են մտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Նոյ թաղամասի 72 տուն եւ զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակման ենթարկել տանտերերին:

Այդ պահին տանը եղել են 4 հոգի` տանտերը, երկու որդիները եւ մայրը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նշված տունը պատկանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանին: Նա ներկայումս աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեում որպես  գեոդեզիայի եւ հողային տեսչության պետ:

Ավազակային հարձակում կատարողները Գրիգորյանին եւ նրա երկու որդիներին` Անդրանիկին եւ Երվանդին դաժան ծեծի են ենթարկել, ապա իրենց հետ տարել են տանը գտնվող չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր, առեւանգել են նաեւ BMW X5 մակնիշի 01 ՕՏ 009 համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանապետ Լեւոն Յազիչյանը, նրա օպերգծով տեղակալ Գոքոր Կարապետյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի պետ Սաշիկ Սարդարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները:

Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի հատկանիշներով: Նախկին թաղապետին եւ նրա որդիներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ` հայտնաբերելու ինչպես ավազակային հարձակում կատարած անձանց, այնպես էլ առեւանգված ավտոմեքենան: