Սոցիալական ցանցերը պետք է պատասխանատվություն կրեն ապատեղեկատվություն հրապարակելու համար, հայտարարել է Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:
MSNBC-ի այն հարցին, թե արդյոք այս ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն մարդկանց վնաս պատճառող կեղծ տեղեկատվության հրապարակման համար, Քիթ Բեդինգֆիլդը պատասխանել է, որ վարչակազմը վերանայում է քաղաքականությունը: «Մենք վերանայում ենք դա, եւ, իհարկե, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Բեդինգֆիլդը: «Եւ ես կարծում եմ, որ դուք լսել եք, թե ինչպես է նախագահը շատ ագրեսիվ խոսում այդ մասին: Նա հասկանում է, որ սա էկոհամակարգի կարեւոր մասն է»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջո Փսակին ավելի վաղ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը սկսել է «նշել Facebook-ի խնդրահարույց հաղորդագրությունները, որոնք ապատեղեկատվություն են տարածում», եւ որ կառավարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել սոցիալական ցանցերի հիմնական հարթակներում:
Նախագահ Ջո Բայդենը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Facebook-ի նման հսկաները «սպանում են մարդկանց»՝ թույլ տալով ապատեղեկատվություն Covid-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ:
Facebook-ը պատասխանել է, որ ընկերությունը «ուշադրություն չի դարձնի այն մեղադրանքների վրա, որոնք չեն հիմնավորվում փաստերով»:
Ավելի ուշ Բայդենը պարզաբանել էր, որ ոչ թե Facebook-ն է սպանում մարդկանց, այլ օգտվողները, ովքեր սուտ են տեղադրում: Սակայն նա հույս է հայտնել, որ Facebook-ն ավելին կանի՝ իր հարթակում կորոնավիրուսային պատվաստանյութերի վերաբերյալ «աղաղակող ապատեղեկատվության» դեմ պայքարելու համար:





























