Գյումրիում նախատեսվող նոր ծննդաբերական, ինչպես նաեւ հարակից գինեկոլոգիական բաժանմունքների նախագծման աշխատանքներն արդեն ավարտված են: Շուտով կսկսվեն նաեւ շինարարական աշխատանքները:
Սա Հայաստանի կառավարության ու առողջապահության նախարարության կողմից դեռեւս 2008 թվականին կազմած ծրագրի մի մասն է միայն: Ծննդաբերական բաժանմունքը լինելու է Գյումրու Ավստրական մանկական հիվանդանոցի մասնաշենքում, որոշակի շինաշխատանքներից, ինչպես նաեւ ներքին հարդարումից հետո: Այն կկառուցվի մինչեւ դեկտեմբեր, երբ ավարտին կհասցվեն նաեւ Ավստրիական մանկական հիվանդանոցին կից կառուցվող «Գյումրի» բժշկական կենտրոնի շինաշխատանքները:
Բաժանմունքի բացման հետ մեկտեղ, նաեւ կվերանվանվի Ավստրիական մանկական հիվանդանոցը, կոչվելով «Գյումրու մոր եւ մանկան հիվանդանոց»:
Հայաստանը, նախագծման աշխատանքներից բացի, հոգալու է նաեւ բաժանմունքի ներքին հարդարման հետ կապված ծախսերը, իսկ բուն շինաշխատանքների համար տրվող ֆինանսավորումն հատկացնելու է Ավստրիայի հանրապետությունը, ծննդաբերական բաժանմունքին Ավստրիայի կողմից կհատկացվեն նոր, թանկարժեք ու ժամանակակից սարքավորումներ, նոր կահույք, բացի դրանից, ծննդաբերական եւ գինեկոլոգիական բաժանմունքի աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի վերապատրաստվել Ավստրիայի ծննդաբերական կլինիկաներում:
Ավստրիական մանկական հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանի հավաստիացմամբ` ծննդաբերական նոր բաժանմունքը, անկախ իր նոր սարքավորումների ու առաջարկվող ավելի բարձրորակ բուժսպասարկման, Գյումրիում գործող ծննդատան հետ կլինի կրտսեր ընկերոջ կարգավիճակով, ու նրանց միջեւ կլինի պարզապես համագործակցություն, թեեւ չի բացառում մրցակցության հնարավորությունը եւս:
Աշոտ Կուրղինյանի խոսքով, Ավստրական մանկական հիվանդանոցում այսօր չկան համապատասխան բուժաշխատողներ`բացվող ծննդաբերական եւ գինեկոլոգիական բաժանմունքներում աշխատելու համար, եւ, ըստ երեւույթին, նոր աշխատակիցները կընտրվեն տեղի կադրերից: Սա ֆինանսապես չի ազդի տեղի բուժաշխատողների վրա, ոչ էլ կլինեն կադրային կրճատումներ:




























