Ջո Բայդենի վարչակազմը Գերմանիայի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ, որին կտրականապես դեմ են Ուկրաինան եւ Լեհաստանը, ինչպես նաեւ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները:

Կոնգրեսի օգնականները, տեղեկացնելով գործարքի ընդհանուր ուրվագիծը, ասել են, որ այն թույլ կտա ավարտել «Հյուսիսային հոսք 2» գազատարը՝ առանց Գերմանիայի կամ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների: Դրա դիմաց ԱՄՆ-ն ու Գերմանիան որոշակի զիջումների կգնան Ուկրաինայի ու Լեհաստանի հանդեպ, հայտնում է AP-ն:

Նախօրեին Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ բարձրաստիճան դիվանագետն այս շաբաթ կայցելի Լեհաստան եւ Ուկրաինա, մասնավորապես՝ քննարկելու «Հյուսիսային հոսք 2»-ը:

«Ես ակնկալում եմ, որ Պետդեպարտամենտը եւ այլ կազմակերպություններ շուտով ավելին կիմանան այս մասին»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Մենք անընդհատ մտահոգություններ ունենք այն մասին, թե ինչպես է այս նախագիծը սպառնում եվրոպական էներգետիկ անվտանգությանը, խաթարում Ուկրաինայի անվտանգությունը եւ մեր արեւելյան թեւի, դաշնակիցների եւ ՆԱՏՕ-ի գործընկերների անվտանգությունը»,- ասել է նա: