Վերջին շրջանում մարզային հիվանդանոցներում տեղի ունեցած դեպքերը մտահոգության առիթ են տալիս: Խոսքը, մասնավորապես, Գյումրիի թիվ 1-ին պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի կողմից հիվանդին հետազոտելու եւ ախտորոշելու փոխարեն «Լիդոկային» ներարկելու դեպքի մասին է, որի հետեւանքով մահացել է հիվանդներից մեկը: Դրանից հետո NEWS.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի, որը պատմել է նույն բժշկի հետ կապված մեկ այլ դեպք, որի հետեւանքով նա բազմաթիվ առողջական խնդիրներ է ունեցել եւ այլեւս չի կարող երեխա ունենալ:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարզային հիվանդանոցները ենթարկվում են մարզպետարաններին, բայց Առողջապահության նախարարությունը վերահսկողության մի քանի մեխանիզմներ ունի. «Եթե, օրինակ` որոշակի սարք կամ ինչ-որ մասնագետ չունի եւ այդպիսով լիցենզավորման պայման է խախտում:

Երկրորդ վերահսկողության մեխանիզմն այն է, որ պետական պատվերով կարող են հիվանդներ բուժվել եւ երրորդը` այն է, որ քանի որ պետական պատվեր ենք տալիս, որոշակի պահանջներ են առաջադրում, օրինակ` կարող ենք ասել, որ աշխատավարձը այսքանից ցածր չպետք է լինի»,- նշեց նա` հավելելով, որ մարզային բուժհաստատությունների սեփականատերը պետությունն է` ի դեմս մարզպետարանի, իսկ լիազոր մարմինը տնօրենին է նշանակում, բյուջեն է հաստատում, վճարովի ծառայությունների գներն է հաստատում, կարգապահական պատասխանատվության է ենթարկում,բայց բուժական մասով գործառույթը  Առողջապահության նախարարությանն է:

Նրա խոսքով` սխալ բուժման դեպքում բողոքարկման մեխանիզմը հետեւյալն է. Նախեւառաջ, սխալ բուժումը պետք է ապացուցվի, որը  կատարվում է երկու եղանակով` քաղաքացիական կամ քրեական, իսկ պատասախանատվությունը կարող է լինել տուգանքից սկսած մինչեւ ազատազրկումը, ինչպես նաեւ որոշակի դեպքերում կարող է կիրառվել որոշակի պաշտոններից, գործունեությունից զրկում: «Դատարանը պետք է որոշի, թե ինչքանով է իր խախտումը ազդում իր մասնագիտական գործունեության վրա: Բժիշկը կարող է ոչ բժշկական գործունեության համար քրեական պատասխանատվության ենթարկվել եւ չզրկվել լիցենզիայից:

Անհատ բժշկի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը դատարանն է որոշում: Առողջապահության նախարարությունը չի կարող զրկել, դա կարող է կատարել միայն դատարանը` հաշվի առնելով, թե դա ինչքան վտանգ է պարունակում նրա հետագա գործունեության ընթացքում»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Սուրեն Քրմոյանը նշեց, որ Ֆուրման Մադոյանի գործով վճիռը իրենք դեռ չեն ստացել եւ դեռ չգիտեն` նրան կզրկեն լիցենզիայից, թե ոչ: «Եթե զրկեն բժշկական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայից, ապա ԱՆ-ն կիրազեկի մարզպետարաններին, բուժհաստատություններին եւ առհասարակ բոլորին»,- նշեց աշխատակազմի ղեկավարը: