Ռուսաստանի քաղաքացիներին Վերին Լարսի անցակետի համար վիզա տրմադրելու որոշումը, հնարավոր է, պայմանավորված է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի` Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ երկխոսություն սկսելու հանձնարարականներով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Ըստ նրա` հնարավոր է, որ տվյալ որոշումը բարի կամքի ժեստ լինի Վրաստանի կողմից` երկխոսության հաստատման գործընթացում: «Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արդեն ասել է, որ պատրաստ է իր ռուսաստանցի գործընկերոջ հետ երկխոսության»,-նշեց պատգամավորը: Միժամանակ նա կասկած հայտնեց, որ հնարավոր երկխոսության արդյունքում Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հակասությունը գլոբալ բնույթ է կրում, եւ այն հաղթահարելը շատ բարդ կլինի»,-նկատեց Թորոսյանը` միաժամանակ ավելացնելով, որ այդ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից: Նրա խոսքով` դա կնպաստի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը եւ բխում է Հայաստանի հաղորդակցական շահերից:
Նշենք, որ ըստ Թբիլիսիի որոշման, Ռուսաստանի` Հյուսիսային Կովկասի հանրապետություններում չբնակվող քաղաքացիները կկարողանան վիզա ստանալ Վերին Լարսի անցակետի համար (ռուս-վրացական սահման):
Նախկինում ոչ վիզային ռեժիմը գործել է միայն այն Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր գրանցված են Հյուսիսային Կովկասի հանրապետություններում: Ռուսաստանի այլ շրջանների բնակչությունը չէր կարող այցելել Վրաստանի Վերին Լարսի միջոցով: Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկները Վրաստան այցելելիս ստիպված էին վիզա ստանալ Մոսկվայում այդ երկրի դիվանագիտական առաքելությունը իրականացնող կառույցում կամ էլ ժամանել Թբիլիսիի օդանավակայան:




























