Հարավային Օսիայում բազմաթիվ ազգությունների ներկայացուցիչներ են բնակվում։ Դարերի ընթացքում հայ եւ օս ժողովուրդների միջեւ ամենասերտ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել։ Տարիներ շարունակ Ցխինվալում գործել է հայկական համայնքը, հայտնում է «Ռես» գործակալությունը։

Օսահայ համայնքի ղեկավար Էսմա Աբաեւա-Կուլիջանովայի խոսքով, համայնքը ստեղծվել է մանկական վիրաբույժ Պավել Ավետիսյանի կողմից, սակայն 1990-ական թվականներին նա ստիպված էր գնալ Հարավային Օսիայից։ «Մի քանի տարի հայկական համայնք փաստացի գոյություն չուներ։ Հարավային Օսիայում հայկական «Արարատ» համայնքը ստեղծելու համար 2003 թվականին իմ կողմից հրավիրվեցին հայազգի ներկայացուցիչներ։ Նախագահ ընտրվեց Ստեփան Յարալովը։ Հիմնական նպատակը, որը մենք հետապնդում էինք, կայանում էր հայոց լեզվի, մշակույթի եւ մեր ժողովրդի ավանդույթների պահպանումը։ Մենք նաեւ ակտիվ մասնակցություն էինք ցուցաբերում հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում, սերտ կապեր պաշտպանում Հյուսիսային Օսիայի «Էրեբունի» հայ համայնքի հետ, համատեղ աշխատանքներ էինք իրականացնում»,- նշել է Էսմա Աբաեւա-Կուլիջանովան։

Նա նաեւ նշել է, որ էական խնդիրներ համայնքի կյանքում չեն ծագել, եւ անգամ մեծ օգնություն է ցուցաբերել անձամբ հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին։  Սակայն 2008 թվականի պատերազմական գործողությունների արդյունքում համայնքը կազմալուծվեց։ Ներկայումս նախատեսվում է հաշվարկներ իրականացնել՝ ստուգելու, թե քանի հայ ընտանիք կա Հարավային Օսիայում, ասել է Էսմա Աբաեւա-Կուլիջանովան։