Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, թե ԱՄՆ-ը օգտագործում է Լիբանանի հարցով ՄԱԿ-ի Հատուկ դատարանը լիբանանյան նոր կառավարությունը ապակայունացնելու համար:

«ԱՄՆ-ը կատաղության մեջ է Լիբանանում նոր կառավարության պատճառով եւ ամեն կերպ փորձում է սաբոտաժի ենթարկել նոր կառավարության ծրագրերն ու ապակայունացնել իրավիճակը երկրում»,- ասել է Լարիջանին, հաղորդում է IRNA գործակալությունը:

Նա նաեւ հայտարարել է, թե ԱՄՆ-ը իր հատուկ ներկայացուցչին ուղարկել է Լիբանան` իրավիճակը սադրելու եւ այն իր ուզած հունով փոխելու համար:

Ըստ Լարիջանիի, նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը եւս մեկ օրինակն է, թե ինչպես է ԱՄՆ-ը միջազգային կազմակերպություններն օգտագործում իր շահերի պաշտպանության համար: