Կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է հաջորդ տարի Գերմանիայում միջուկային էներգիայի օգտագործումը դադարեցնելու մասին իր որոշումը, սակայն խոստովանել է, որ դա կդժվարացնի կարճաժամկետ հեռանկարում ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, հաղորդել է AP-ն:

10 տարի առաջ Ֆուկուշիմայում տեղի ունեցած միջուկային աղետից հետո ընդունված որոշումը Մերկելի կառավարման 16 տարիների շրջադարձային պահերից մեկն է համարվում: Քննադատները նշում են, որ այդ քայլը կրկնակի բեռ է Գերմանիայի համար, քանի որ նա փորձում է մինչեւ 2045 թվականը զրոյացնել ածխածնի արտանետումները:

«Կան երկրներ, որոնք այլ ընտրություն են կատարում, ընդ որում, նրանց համար ինչ-որ առումով ավելի հեշտ կլինի հասնել կլիմայական չեզոքության», - ասել է Մերկելը: «Ես դեռ հավատում եմ, որ միջուկային էներգիան երկարաժամկետ հեռանկարում էներգիայի կայուն ձեւ չէ»:

Մինչեւ 2022 թվականի վերջը միջուկային էներգիայից փուլային հրաժարումը Գերմանիային առաջիկա տարիներին ավելի կախված կդարձնի ածուխից՝ Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի համեմատ: Սակայն Գերմանիայի կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2038 թվականը դադարեցնել նաեւ ածխի այրումը: Այս նպատակին, ըստ Մերկելի, հնարավոր է հասնել միայն էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ պակաս աղտոտող բնական գազի օգտագործումը՝ որպես միջանկյալ տեխնոլոգիա մեծապես ընդլայնելու միջոցով:  

Նա մերժել է այն գաղափարը, որ ապագա կառավարությունը կարող է չեղյալ համարել որոշումը եւ փոխարենը կոչ է արել ակտիվացնել ջրածնի արտադրությանն ուղղված ջանքերը, որը, ըստ փորձագետների, հարկավոր կլինի երկրի արդյունաբերության համար: