Չինաստանի Հանչժոու քաղաքում երկու տարեկան աղջնակը տասներորդ հարկից ընկնելով` կենդանի է մնացել շնորհիվ հարեւանուհու զգոնության եւ ճարպկության:
Երեխան, մնալով առանց ուշադրության, հայտնվել է պատուհանի գոգին: Ըստ ականատեսների` հայտնվելով շենքի դրսում, մի քանի րոպե նա բռնվել է պատուհանի շրջանակից, սակայն հետո բաց է թողել այն եւ գահավիժել:
Պատմությունը, թերեւս, ողբերգական ավարտ կունենար, եթե բակում զբոսնողների թվում չլիներ Ու Ցզյունպինը: Լսելով հարեւանների բղավոցները` նա մոտեցել է հետաքրքրասերների խմբին հենց այն ժամանակ, երբ երեխան մոտենում էր գետնին: Կինը բառացիորեն օդում որսացել է երեխային: Փոքրիկ Նյունյուն կենդանի է մնացել, սակայն ներքին օրգանների լուրջ վնասվածքներ է ստացել: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ են գնահատում:
Երեխային փրկող կինը եւս հիվանդանոցում է` ձախ ձեռքի կոտրվածքներով: Նրան, հավանաբար, նույնպես վիրահատություն է սպասվում:



























