Կոտայքի մարզում այսօր` հուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 3-ին ժամը 01:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ վրաերթի հետեւանքով իրենց մոտ են տեղափոխվել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի բնակիչներ 47-ամյա Հոկավկիմ Գրիգորյանի եւ 35-ամյա Համլետ Գրիգորյանի դիակները, ինչպես նաեւ նույն գյուղի բնակիչ 35-ամյա Սեւակ Կարապետյանը` մարմնական վնասվածքներով:
Նշված գյուղ է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գրիգորյանի գլխավորությամբ:
Օպերատիվ խումբը պարզել է որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Գեղադիր գյուղի միջնամասում «Մերսեդես Բենց-E-320» մակնիշի 70 ՕՕ 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ընթանալով դեպի Երեւան, դուրս եկել երթեւեկելի գոտուց, վրաերթի ենթարկել նշված անձանց, այնուհետեւ բախվել ճանապարհին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի 09 ՕՍ 544 համարանիշի ավտոմեքենային:
Վարորդը «Մերսեդեսը» թողնելով դեպքի վայրում դիմել է փախուստի:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննչական բաժանմունքում քննիչ Արգիշտի Պետրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ)
Դեպք վայրում քննչական աշխատանքներն ավարտելուց հետո, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի մարզի տուգանային հրապարակ:
Ձեռնարկված օպերատիվ քննչական եւ բացատրական աշխատանքների արդյունքում առավոտյան ոստիկանության Կոտայքի բաժին ինքնակամ ներկայացել է 31-ամյա Հովիկ Ռաֆայելյանը: Նա խոստովանել է, որ վրաերթն ինքն է կատարել:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























