Արմավիրի մարզում այսօր` հուլիսի 3-ին վրաերթ է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:15-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ շտապօգնության բրիգադը գանգուղեղային փակ կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 2 տարեկան Գոռ Մանվելյանին եւ գանգոսկրային փակ վնասվածք, ձախ սրունքի ստորին երրորդական զույգ ոսկրերի փակ կոտրվածքով` 48-ամյա Մնացական Սողոմոնյանին:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արմավիրի մարզ օպերատիվ քննչական խմբին վիրավորները հայտնել են, որ ժամը 00:00-ի սահմաններում իրենք վրաերթի են ենթարկվել Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի 128 տան դիմաց` անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Վարորդը դիմել է փախուստի:

Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են օպերատիվ քննչական աշխատանքներ` վրաերթ կատարողին եւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: